Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև 2018թ.-ից սրված առևտրային պատերազմի շուրջ ընթացող բանակցությունները, կարծես թե, որոշակի պտուղներ են տալիս: Կողմերն, առնվազն, արդեն խոսում են որոշակի մաքսային սահմանափակումների չեղարկման մասին, ինչը դրական ազդակներ է հաղորդում համաշխարհային շուկաներին:
Սակայն ամեն ինչ այնքան դրական չէ, որքան կարելի էր սպասել երկու գերտերությունների միջև տարիների լարվածությունից հետո: Բանն այն է, որ հոկտեմբերի կեսերին, ճիշտ նույն ժամանակ, երբ ակտիվ փուլում էին չին-ամերիկյան բանակցությունները, հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մտադիր է արգելել ամերիկյան ըկերություններին Չինաստանից արժեթղթեր գնել: Դա նույնն է, ինչ թողնել Չինաստանն առանց դոլարների:
Ստացվում է, որ բանակցելով փոխադարձ մաքսային սահմանափակումների կրճատման շուրջ, Վաշինգտոնը միաժամանակ ձգտում է այլ կերպ բալանսավորել Չինաստանի առևտրային առավելությունները Միացյալ Նահանգների տնտեսության նկատմամբ: Չի լինի դոլար, հնարավոր չի լինի իրականցնել փոխադարձ առևտուր: Ըստ էության, նույն նպատակին էին ծառայում նաև մաքսային սահմանափակումները: Ստացվում է, որ չին-ամերիկյան տնտեսական կոնֆլիկտը տեղափոխվում է այլ՝ ֆինանսական հարթություն:
Այսպես, համաձայն ANZ Research-ի հետազոտությունների արդյունքների, Չինաստանը իրավիճակը կփորձի կառավարել սեփական նախաձեռնությամբ դոլարից հրաժարվելու միջոցով: Խոսքը սեփական պահուստների դիվերսիֆիկացմանն է վերաբերում:
Նշենք, որ այս պահի դրությամբ պետական պահուստի մակարդակով աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի պահուստային ֆոնդի կեսից ավելին (գրեթե 59 տոկոս) ամերիկյան դոլարով է: Միևնույն ժամանակ, Չինաստանին են պատկանում ոսկու ամենամեծ պաշարները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Չինաստանը կշարունակի ոսկու պահուստները մեծացնելու քաղաքականությունը՝ որպես դոլարային պահուստների այլընտրանք:
Հաշվի առնելով չինական տնտեսության արտահանման ուղղվածությունը՝ երկրին արժույթ է պետք: Հետևաբար նաև սպասելի է, որ դոլարի դիվերսիֆիկացումը միայն ոսկով չի սահմանափակվի:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է Չինաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնում այլ՝ ոչ ամերիկյան, ուղղություններով: Առաջին տեղում, իհարկե, Եվրոպան է, ՌԴ-ն և զարգացող այլ տնտեսությունները: Ի դեպ, վերջիններում ենթակառուցվածքային ներդրումների նկատմամբ հետաքրքրությամբ Չինաստանը հայտնի է վաղուց: Այս կոնտեքստում սպասելի է նաև «Նոր Մետաքսի ճանապարհի» ակտիվացման հերթական ալիք:
Վերադառնալով չին-ամերիկյան հարաբերություններին՝ նշենք, որ եթե այսօրինակ զարգացումները շարունակվեն, համաշխարհային տնտեսությանը սպասվում է ֆինանսական խոշոր ցնցում՝ ի դեմս դոլարի դիրքերի թուլացման:
Կլինեն այդպիսի զարգացումներ, թե ՝ ոչ, մի բան հստակ է. Միացյալ Նահագների և Չինաստանի միջև տնտեսական տարաձայնությունները լուծելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ, եթե անգամ այս պահին վերացվեն մաքսային որոշ սահմանափակումներ: Դա ինքնին համաշխարհային տնտեսության համար բացասական ազդակ է: