Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։
Բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության նախագահին և ընդգծելով իրենց անձնական գերազանց փոխհարաբերությունները՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ, նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։