Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում խոսում է սեփական, ոչ թե իր նախորդների բանաձևերով: Այս մասին վարչապետը հայտարարել է նոյեմբերի 19-ին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Ղարաբաղյան կարգավորման մասին հարցին:
Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինքը շարժվում է նոր կետից, սակայն մինչ այժմ չէր հստակեցրել՝ թե որն է դա:
Ինչպես հետևում է վարչապետի հայտարարությունից, Ղարաբաղյան հակամարտության միանգամայն նոր կետը, նոր բանաձևը, որով առաջնորդվում է Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարությունն է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Վարչապետի խոսքով՝ հենց այս հայտարարությունը պետք է լինի բանակցային գործընթացի կոնցեպտուալ հիմքը, եթե մենք ուզում ենք երկարատև խաղաղություն և կայունություն:
Բանակցային գործընթացի այս տրամաբանության վրա շեշտը դնելով, դա որպես հակամարտության կարգավորման սեփական բանաձև ներկայացնելով՝ մենք ավելի շատ խնդիրներ ենք ստեղծում մեզ համար, ինչի մասին բազմիցս է խոսվել: Մենք ոչ միայն Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ի գիտություն ընդունելու փոխարեն դնել քննարկման, այլև բանակցային սեղանին մեզ վրա ավելի մեծ և հիմնավորված ճնշում գործադրել:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը դժվար է որպես բանաձև ընկալել, այն գործող իշխանությունների մոտեցումն է կարգավորման գործընթացին: Իսկ ինչ վերաբերում է կարգավորման իրական բանաձևին, կարգավորման մեզ համար ընդունելի տարբերակին, ապա այստեղ վարչապետը նախընտրում է լռել, քանի որ «այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում»: Այստեղ ուղղակի հարց է առաջանում. բանակցային սեղանին մենք ի՞նչ մասին ենք խոսում՝ Ադրբեջանի ցանկությունների՞: