ԱՄՆ-ը դիտարկում է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այդ մասին հայտնում է հարավկորեական The Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր Վաշինգտոնում:
«Որքանով հայտնի է, Պենտագոնը պատրաստվում է Հարավային Կորեայից մեկ բրիգադ դուրս բերել, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը», - պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Կորեայի Հանրապետությունում ներկայում գտնվում է 28,5 հազար ամերիկացի զինծառայող: Մի բրիգադը հաշվում է 3-ից մինչև 4 հազար մարդ:
Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնին տարեկան արժենում է մոտ 5 մլրդ դոլար: ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել էին 8,2 տոկոսով՝ մինչև 1,04 տրլն վոն (915 մլն դոլար):