Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանն ադրբեջանցի «բլոգերի» ներկայությունը, որն, ինչպես օգտատերերը պարզել էին, ադրբեջանական ուժային է:
Այսօր, մեկնաբանելով այդ քննարկումները, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցու և ՀՀ վարչապետի հարց ու պատասխանը «որպես միջադեպ չի գնահատում»:
Վարչապետի մամուլի խոսնակի գնահատականը միանգամայն օբյեկտիվ կլիներ եթե այդ հարց ու պատասխանը տեղի ունենար օրինակ ինչ-որ միջազգային միջոցառման շրջանակներում, բայց ոչ հայ համայնքի հետ «մեր տարածքում» հանդիպման ժամանակ:
Թեև Կարապետյանը պնդում է, որ անհրաժեշտ անվտանգային միջոցառումներն իրականացված են եղել, սակայն այն որ անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել, անհասկանալի պատճառներով հայ համայնքի հետ հանդիպման մուտքը բաց է եղել, խոսում է հակառակի մասին:
Այսօր, երբ հայտարարվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀՀ ոչ մի քաղաքացի ազատ մուտք չունի կառավարության շենք, Ազգային ժողովի այգու միայն մի հատվածն է բաց հասարակության համար, իսկ տարածքը շարունակվում է խստորեն հսկվել ուժայինների կողմից: Նման պայմաններում առնվազն տարօրինակ է, երբ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման մուտքն ազատ է, փաստաթղթերի ստուգում չի իրականացվում: Ստացվում է՝ վարչապետն անվտանգային խնդիրներ ունի սեփական երկրում, իսկ արտասահմանում ո՞չ:
Ընդ որում, այս միջադեպը և հատկապես դրան վարչապետի խոսնակի գնահատականը լուրջ հարցեր է առաջացնում կապված պատկան մարմինների կողմից պետության անվտանգության ապահովման իրականացման արդյունավետության հետ: Ի թիվս ԱՊՀ մյուս երկրների, Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան ազատ է… արդյոք պատկան մարմիններն իրականացնո՞ւմ են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: