Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ նոյեմբերի 21-ին, ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Վահե Յանն ասել է, որ ֆիլմն արցախյան խորը հիմքերի, նրա ժողովրդի արմատների մասին է: Նրա խոսքով Արցախը համայն հայության ինքնության ամենակարևոր կետերից մեկն է և յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի այդ փաստը:
«Լինելով Արցախում և ուսումնասիրելով այն՝ ես գտա ինքս ինձ և որոշեցի անկեղծ լինել իմ ստեղծագործական մոտեցման մեջ: Սկզբում իմ առջև առաջադրանք կար դրված՝ կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու: Պատրաստեցինք 18 րոպեանոց ֆիլմ և ուղարկեցինք տարբեր տուրիստական ընկերությունների՝ տուրիզմն Արցախում խթանելու համար: Այնուհետև իմ հեղինակային տարբերակով ստեղծեցի ֆիլմ՝ րտեղ ներկայացվում է իմ զգայարաններով տեսած Արցախը: Ոչ թե աչքերով կամ ուղեղով, այլ զգայարաններով տեսած, քանի որ Արցախը սիրվում է մարմնի բջիջներով:Եթե Հայաստանը դիտարկում ենք որպես համայն հայության մարմին, ապա Արցախն այդ մարմնի բաբախող սիրտն է: Ես կատարեցի ճանապարհորդություն դեպի հայության բաբախող սիրտ և եղա այդ սրտի ջերմության մեջ»,-մասնավորապես ասել է նա:
Վահե Յանը նաև նշել է, որ ֆիլմի միջազգային պրեմերան կայացել է Հունաստանում՝ «Իերապետրա» փառատոնին և նոմինացված էր, որպես տարվա լավագույն վավերագրական ֆիլմ: