Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»։
1915-16 թվականներին Պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ԱՄՆ-ի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ նախագծված և մանրամասն իրականացված հայերի ծրագրավորված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները և կանխամտածված սպանությունները: Սենատորը մեջբերել է նաև 1913-16 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով տեսած վայրագությունների տպավորության տակ գրել էր. «Վստահ եմ, որ մարդկության տեսակի ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանությունները և հետապնդումները 1915 թվականի հայ ազգի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»:
«Ամերիկյան պաշտոնյաներն, ովքեր ունեին տեղի ունեցածի վստահելի և պարզ գիտակցում, արել են այս հայտարարությունները», - Մենենդեսի խոսքով, ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից թողած Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից է.
«Աշխարհում 27 երկիր արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով»:
Աջակցություն հայտնելով Մենենդեզի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է՝ հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով Ռաֆայել Լիմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը.
«Որպես Ամերիկա, մենք երբեք չպետք է լռենք վայրագություններին ի պատասխան: Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին և համակարգված կերպով սպանվում: Մեր բարոյական պարտքն է ճանաչել այն, ինչ պատահել է 1,5 մլն անմեղ հոգիների հետ: Դա է ճիշտ արարքը»:
Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:
Ռոբերտ Մենենդեսն ի պատասխան հայտնեց, որ գիտակցում է՝ օրենզդիր աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում: Ուստի, պաշտոնապես հայտարարեց սենատորը, երբ բանաձևի դեպ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինքգծի օգտին, Մենենդեսը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում.
«Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում: Կարծում եմ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը և ով ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»: