Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 22-ին հայտնել է News First հեռուստաալիքը:
Համաձայն այդ տվյալների, Մահինդա Ռաջապակսան մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները գլխավորելու է ֆինանսների և տնտեսական պլանավորման նախարարությունը, բուդդիզմի գործերի և Վայամբայի տարածաշրջանի զարգացման նախարարությունը, քաղաքային շինարարության ու ջրամատակարարման նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը:
Իր հերթին ընտրված նախագահի մյուս ավագ եղբայրը՝ Չամալ Ռաջապակսան, ժամանակավորապես կստանձնի գյուղատնտեսության և ներքին առևտրի նախարարի պարտականությունները:
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Շրի Լանկայում կայացել են նախագահական ընտրություններ, որում հաղթանակ է տարել Գոտաբայա Ռաջապակսան՝ հավաքելով ձայների 52,25 տոկոսը: