Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվեց փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում դեռ ապրիլ ամսից շրջանառվող՝ լրագրողների փոխայցելությունների ծրագիրը: Հայկական կողմից երեք լրագրող (մեկը՝ Արցախից) չորս օր անցկացրին Ադրբեջանում, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստանում և Արցախում: Ինչպես փաստում են Ադրբեջան այցելած հայ լրագրողները՝ ծրագիրն, ընդհանուր առմամբ, զերծ էր քարոզչական բաղադրատարրերից: Այն, ըստ էության, հնարավորություն էր ծանոթանալու հակառակորդ երկրին, ժողովրդին, տրամադրություններին ու մոտեցումներին:
Նշենք, որ նման ձևաչափով միջոցառումները նոր չեն ինչպես հակամարտությունների պատմության, այնպես էլ կոնկրետ արցախյան խնդրի համատեքստում: Դրանք կարող են լինել արդյունավետ, նպաստել բանակցային ֆոնին, բայց միայն հակամարտող կողմերի իշխանությունների պատրաստակամության պարագայում: Այսօր պաշտոնական Բաքվի որդեգրած կեցվածքի և հռետորաբանության պարագայում դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես արված տնային աշխատանք՝ առանց բովանդակությանը կարևորություն ու նշանակություն տալու:
Ասվածի վառ ապացույցը լրագրողների փոխայցելությունների վերջին օրը՝ նոյեմբերի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն էր Սումգայիթի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ: Սումգայիթի իրադարձությունները «հայ ազգայնականների և հայկական խմբավորումների սադրանքի» արդյունք որակավորելով՝ Ալիևը շարունակում է հայատյացության քարոզը՝ ապացուցելով, որ առնվազն այսօրվա ադրբեջանական ղեկավարությունը պարզապես պատրաստ չէ ու չի ուզում խաղաղություն:
Իսկ թե որքանո՞վ է ադրբեջանական հասարակությունը պատրաստ խաղաղության՝ դժվար է ասել: Փաստ է միայն այն, որ Հայաստան ու Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները սոցցանցերում տարածած Արցախում արված իրենց նկարներին կից նշել են՝ «Doğma torpağımız # Şuşa#1news.az # Azerbaijan» (թարգ. Մեր հայրենի հողերը # Շուշա(Շուշի)) և «Doğma torpağımız # Kəlbəcər #1news.az # Azerbaijan» (թարգ. Մեր հայրենի հողերը # Քելբաջար (Քարվաճառ)): Այսպես են մտածում ադրբեջանական իշխանությունները և խաղաղության նախապատրաստման ծրագրերին մասնակցած լրագրողները: Այս է խաղաղության ադրբեջանական բանաձևը՝ ի պատասխան հայկական կողմի պնդումներին, որ ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի հակամարտության մեջ ընդգրկված բոլոր կողմերի համար: