Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին, ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձել է հոկտեմբերին «Վալդայ»-ում ունեցած իր ելույթին` նշելով, որ այն ուղղված էր գլխավորապես միջազգային հանրությանը:
Այսպիսով, Ալիևը, փաստորեն, վերահաստատել է Ղարաբաղյան կարգավորումը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լինելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հայտնի բանաձևին իր ուղղակի պատասխանը: Իսկ պատասխանը հետևյալում էր. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընդունելի կլինի Ադրբեջանի ժողովրդի համար միայն Ադրբեջանի տարածքային ամբողջակության վերականգնման դեպքում:
Այս հայտարարությունից հետո բավականին տարօրինակ է, որ ունենալով Ադրբեջանի նախագահի ուղղակի պատասխանը, Փաշինյանը շարունակում է խնդրել Ալիևից հանդես գա համանման հայտարարությամբ: Վերջերս Փաշինյանը նույնիսկ սկսել է համոզել Ալիևին կրկնել այս հայտարարությունը` ժողովուրդների` իր համար ցանկալի հերթականությամբ: Սակայն հասկանալի է, որ հարցը հերթականության մեջ չէ:
Ըստ Փաշինյանի` իր այդ աննախադեպ հայտարարությունը Ալիևի կողմից կրկնելու դեպքում բանակցային գործընթացում բեկում է տեղի ունենալու: Ի՞նչ բեկման մասին է խոսքը, դժվար է պատկերացնել: Կողմերն, այդ թվում նաև Ադրբեջանի իշխանություններն, արդեն ավելի քան 10 տարի է կողմերը բանակցություններ են վարում Ղարաբաղյան հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշմանի իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման շրջանակներում կարգավորելու համար: Այս սկզբունքների հիման վրա կարգավորումը, ենթադրվում է հենց այն լուծումն է, որը կարող է ընդունելի լինել երեք ժողովուրդների համար և հենց այս ուղղությամբ են աշխատել կողմերը բանակցային սեղանի շուրջ:
Ուստի, Փաշինյանը, ոչ թե ՀՀ առաջին ղեկավարն է, որ առաջ է քաշում Ղարաբաղյան կարգավորման, ինչպես ինքն է բնորոշում, նման բանաձև, այլ առաջին է, որ հայտարարում է բանակցային գործընթացի տասնամյակների տրամաբանության մասին` միաժամանակ իր այդ հայտարարությամբ խնդիրներ ստեղծելով Հայաստանի և Արցախի շահերի համար: