Հոկտեմբերին Իսպանիայի Գերագույն դատարանը անկարգությունների կազմակերպման, պետական ռեսուրսները վատնելու հոդվածներով մեղավոր ճանաչեց կատալոնական ինը առաջնորդների՝ 2017 թվականին անկախության հանրաքվեի կազմակերպման համար:
Դատարանի որոշումը բողոքի նոր ալիքի հանգեցրեց: Ցույցերին մասնակցում էին առավելապես երիտասարդներ:
Նոյեմբերին Իսպանիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ոչ մի քաղաքական ուժի չհաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը, ինչը թույլ կտար մեծամասնության կառավարության ձևավորել: Արդյունքում՝ ինչպես և սպասվում էր, կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու շուրջ քննարկումները ծավալվեցին շահերի առաջ մղման տրամաբանությամբ: «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին, համաձայնել է աջակցել կոալիցիոն կառավարությանը՝ Կատալոնիայի անկախության շուրջ բանակցությունների վերսկսման դիմաց:
Իսպանիայում ձևավորված ներքաղաքական վիճակը հետագայում ցույց կտա՝ կլինեն արդյոք բանակցություններ, թե ոչ, սակայն մինչ այդ փորձենք հասկանալ՝ որն է Իսպանիայի համար Կատալոնիայի անկախացման գինը:
Կատալոնիան Իսպանիայի ամենահաջողված տնտեսությունն ունեցող համայնքն է: Զուր չեն Կատալոնիան «Իսպանիայի տնտեսական ժառանգություն» անվանում:
2019թ. Կատալոնիան «Եվրոպայի ապագայի քաղաքներ և տարածաշրջաններ» վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ կյանքի որակի ցուցիչով: Ընդ որում, հաշվի է առնվել մի քանի հիմնական գործոն՝ շրջանի տնտեսական պոտենցիալը, կյանքի որակը, մարդկային ռեսուրսը, բիզնես միջավայրը, ներդրումային քաղաքականությունը, աշխատանքի և անշարժ գույքի շուկան:
Կատալոնիայի տարածքում զբաղվածության մակարդակը կազմում է բնակչության 66%-ը:
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան աշխարհի զբոսաշրջային կենտրոններից է:
Իսպանիայի համար Կատալոնիայի տնտեսական կշիռը պատկերացնելու համար անդրադառնանք թվերին: 2019թ. տվյալներով, Իսպանիայի կենտրոնական բանկը հայտարարել է 1.18 տրլն եվրո պետական պարտքի մասին: Կատալոնիային բաժին է ընկնում 72մլրդ-ն: Այդ թվում, միայն 6 մլրդ-ն է բաժին ընկնում արժեթղթերին: Մնացած գումարն ընկերություններին ուղղված վարկային փոխառություններն են: Այսինքն, պետական պարտավորությունների 16 տոկոսը ստացվում է Կատալոնիայի հաշվին:
Կատալոնիայի պաշտոնական տվյալներով, տարեկան ՀՆԱ-ի միջին թիվը կազմում է 223.6 եվրո, ինչը համարժեք է Իսպանիայի ՀՆԱ մոտ 20 տոկոսին: Այսինքն, Կատալոնիայի անկախացման դեպքում, իսպանական բյուջեն այդքանով կորուստ է գրանցելու:
Այլ ոլոտներում ևս Կատալոնիան Իսպանիայի առաջատարներից է. արդյունաբերությունը (ողջ Իսպանիայի արդյունաբերության մոտ 25 տոկոսը)՝ միայն Կատալոնիայում գործունեություն են ծավալում ողջ Իսպանիայի գործարար համայնքի 20 տոկոսը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը և այլն:
Վիճակագրությունը վկայում է. որ Կատալոնիան շարունակում է տնտեսապես զարգանալ, անգամ իսպանական տնտեսության անկման պարագայում:
Համաեվրոպական ներկայիս բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին դժվար է պատկերացնել, որ Իսպանիան պատրաստ է հրաժարվել Կատալոնիայի տնտեսական ներուժից: Ըստ այդմ, ենթադրելի է, որ բանակցությունների առարկան կարող է լինել առավելապես Կատալոնիային ինքնավարության ներքո որոշակի ազատության տրամադրումը, ինչպիսին որ Կատալոնիան ունեցել է նախկինում: