Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր Բաքվում կայացած դռնփակ նիստի ընթացքում որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը, լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ:
«Մենք այս քայլին ենք դիմում նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին ու կադրային փոփոխություններին աջակցելու նպատակով»,- որոշումը մեկնաբանել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Ադրբեջանում անսպասելի քայլի հիմքում կարող է լինել որևէ գլոբալ փոփոխություն, կամ իրադարձություն, որը խոցելի կլիներ հերթական ընտրությունների՝ իրենց ժամկետին անցկացման դեպքում:
Այն, որ ժողովրդավարությամբ Ադրբեջանն առանձնապես աչքի չի ընկել, իսկ ներկա խորհրդարանի ընդդիմադիր ուժերն էլ, հարաբերականորեն կարելի է համարել ընդդիմություն, գաղտնիք չէ: Ուստի այս գործողությունների հիմքում միայն ներքին ընդդիմությանը զսպելը դժվար թե լինի:
Ադրբեջանական իշխող կուսակցությունը շատ հարմար քայլի է գնացել ներքաղաքական վերաձևումներ անցկացնելու համար՝ առանց արտաքին ուշադրության կամ առավել ևս միջամտության հնարավորություն թողնելու, ինչն անհնար կլիներ ընտրությունների՝ հերթական ժամկետով անցկացման պարագայում:
Գաղտնիք չէ, որ ընտրությունների շրջանում (նախընտրական շրջան, բուն ընտրություններ, հետընտրական շրջան) ուշադրությունը դեպի գործող քաղաքական ուժեր, այդ թվում՝ իշխանություն, մեծանում է: Խոսքն այս դեպքում արտաքին դերակատարների ուշադրության մասին է: Այս տրամաբանությամբ, անսպասելիորեն հերթական ընտրությունների ժամկետը մեկ տարով առաջ գցելը, կարող է հետագայում սպասվող իրադարձության, կամ հավանական փոփոխության իրականացման համար առավել հանգիստ պայմաններ ապահովել: Ընտրված ժամկետը նաև ուշագրավ է ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների համատեքստում: Հստակ է, որ շատ ավելի զգուշավոր ու պասիվ շրջանում է գտնվում ԱՄՆ մինչ նախընտրական շրջանի մեկնարկը, ինչը կտրականապես կփոխվի արդեն նախընտրական և հետընտրական ժամանակահատվածում:
Թե ինչ իրադարձության մասին կարող է լինել խոսքը, այս պահին դժվար է կանխատեսել: Մի քանի հետաքրքիր հանգամանքի, սակայն, արժե ուշադրություն դարձնել:
Նոյեմբերի 22-ին Մեհրիբան Ալիևան Մոսկվա այց կատարեց, որտեղ կայացավ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը: Ալիևային ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի պետական համալսարանում հանդես եկավ ելույթով, որով փաստացի մերժեց եվրոպական արժեհամակարգը, հիշեցում արեց Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի դերի ու նշանակության մասին: