Սերժ Թանկյանն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Սերժ Թանկյանն իր հերթին մարտահրավեր էր նետել թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»,-ասել էր վարչապետը: