ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա և զինծառայողների առջև հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է BBC News լրատվականը:
Քանի որ այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ, Դոնալդ Թրամփը սկզբում ճաշարանում օգնել է սննդի բաժանման ժամանակ, այնուհետև ընթրել է զինվորների հետ` համտեսելով հնդկահավ, կարտոֆիլի պյուրե և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց:
2,5 ժամվա ընթացքում նախագահը հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Թրամփը նաև հայտարարել է զորքի մի մասի դուրսբերման և «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների մասին: