Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է պատասխանատվությունը տեղափոխել այլ տեղ՝ այս անգամ ՀԱՊԿ գործընկերների ուսերին:
Երեկ, ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթաժողովին, նա հայտարարել է, որ «ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար»: Նա խորհուրդ է տվել ՀԱՊԿ երկրներին զենք չվաճառել Ադրբեջանին՝ հնարավոր պատերազմը կանխելու համար:
Առաջին հայացքից վարչապետի հայտարարությունը զուրկ չէ տրամաբանությունից: Սակայն, կան մի քանի բայցեր:
Առաջինը, Ադրբեջանի ներկայիս հռետորաբանությունն ակնառու է դարձնում, որ վերջինս ոչ միայն չի հրաժարվել հակամարտությունը պատերազմի միջոցով կարգավորելու նպատակից, այլև նույնիսկ ձևական չի փորձում իր հանրությանը պատրաստել խաղաղության: Եվ նույնիսկ լրագրողների փոխայցելությունները, որոնք իբրև թե ուղղված էին վստահության կառուցմանը, ուղեկցվում էին Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններով և բոլորովին այլ նպատակներ էին հետապնդում: Սա վկայում է պատերազմի մշտապես առկա վտանգի մասին, որի պարագայում տրամաբանականը ներքին համախմբումն ու արտաքին աշխարհին հղվող ուղերձների բյուրեղացումն է, հստակեցումը: Մինչ դեռ Հայաստանի իշխանություններն անում են ճիշտ հակառակը:
Երկրորդը, հարկավոր է հաշվի առնել, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի, կառույցը որոշում է կայացնում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, եթե անդամ երկրներից մեկի անվտանգությանը կա սպառնալիք և այդ երկիրը դիմում է կառույցի օգնությանը: Հայաստանը, չնայած մշտապես առկա պատերազմի վտանգին, սահամններին սրացումներին երբևէ չի դիմել ՀԱՊԿ օգնությանը, ինչն ունի իր խորքային պատճառները: Ուրեմն ի՞նչն է փոխվել, որ այսօր Հայաստանի իշխանությունները բաց տեքստով ապավինում են ՀԱՊԿ գործընկերների աջակցությանը՝ խնդրելով կանխարգելել պատերազմը: Եվ գիտակցո՞ւմ ենք, արդյոք, որ դիմելով ՀԱՊԿ-ին, փաստացի, ընդունում ենք, որ մեր ուժերն անբավարար ենք համարում նույնիսկ Ադրբեջանին հակազդելու համար: Ի՞նչ խնդիր ենք ակնկալում լուծել նման հայտարարությամբ:
Երբեմն առաջին հայացքից հնարամիտ նման հայտարարություններն ավելի շատ անվտանգային խնդիրներ են ստեղծում, քան լուծում դրանք: