Հայաստանի կառավարությունն առաջիկայում ավելի շատ ժամանակ է տրամադրելու ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում կարևորեց վարչապետը, այն է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: «Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ մեր կառավարությունը կարողացել է դիրքավորվել մեր ընթացիկ պատկերացումներին, ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պիտի անեմ հետևյալն է, որ մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է, ապահովել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա: Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարման պատասխանատվությունը ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ կայացած իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ վերջին 1.5 տարվա պրոցեսները թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով ցույց են տվել կառավարության ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը ՀՀ ազգային և պետական շահերին: «Եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր՝ դնենք մեր հետագա գործունեության հիմքում: Ինչի՞ համար է անհրաժեշտ ռազմավարական պատկերացումը ՀՀ հետագա զարգացման առումով: Մենք 2018 թվականի քաղաքական պրոցեսներով արձանագրեցինք, որ երկրում անկախությունից ի վեր քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասունացել է համակարգային ճգնաժամ, որը իր հերթին նաև ռազմավարական ճգնաժամ էր: Ինչո՞վ է դա արտահայտվել: Դա արտահայտվել է նրանում, որ, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով, մեր պետականության կերտման առաջին օրերին, առաջին շրջանում, նաև հետագայում չի կատարվել այդ ռազմավարական աշխատանքը՝ պատասխանելու մի պարզ հարցի՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը մեր ժողովրդի պատկերացումներով 2018 թվականին, 2020 թվականին: Եվ, հետևաբար, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լիներ այդ ռազմավարական տրամաբանության վրա, այսինքն` բոլորս տեսնեինք 10 տարվա, 20 տարվա, եթե հնարավոր է՝ ավելի երկարաժամկետ մեր հորիզոնը, որպեսզի պետական կառավարման մարմինները աշխատեին այդ տրամաբանությամբ: Այսինքն, նաև մենք հասկանայինք, թե ինչ խնդիրներ ենք դրել, ինչ ուղենիշների ուղղությամբ ենք շարժվում, և մեր ամենօրյա աշխատանքը պիտի կարգաբերեր, թե ինչքանով է մեր գործունեությունը տանում մեզ մեր ցանկալի նպատակներին:
Մենք այս փուլում պետք է ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5 տարի հետո մեր պատկերացմամբ Հայաստանը ինչպիսի երկիր պետք է լինի, 10 տարի հետո ինչպիսի երկիր պետք է լինի, 20, 30 տարի, եթե հնարավոր է ավելի շատ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Ժամանակակից աշխարհում և իրողություններում այս խնդրի լուծման համար ունեն շատ կարևոր մարտահրավեր: «Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ լուրջ փոփոխություններ կրել: Մենք ունենք երկու խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և, միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի մեր ռազմավարական մշակումները, փաստաթղթերը չկորցնեն կապը իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը: