Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ, փոխանցում է News.am-ը:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:
Գործարարներն ընդգծեցին նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ հնչեց նաև ստեղծել հայ-ուկրաինական արևտրային պալատ, որը հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը:
Գլխավոր հանձնակատարը կարևորեց գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջև առկա համախմբվածությունը, ինչպես նաև շեշտեց խնդիրների և խոչընդոտների վերացման կարևորությունը:
Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: