Կառավարությունում նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:
Մինչ քննարկման մեկնարկը, հանդես գալով բացման խոսքով, վարչապետ Փաշինյանը ներկայացրեց 2019թ. տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5% բառացիորեն պնդելով. «Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը»:
Ըստ էության, վարչապետի ելույթի այս հատվածից կարելի է հանգել մի քանի կարևոր եզրակացությունների:
Առաջինն ու ամենակարևորը, փաստորեն, Հայաստանը նախորդ իշխանության ղեկավարարության ներքո, 2017թ., ունեցել է շատ կայուն տնտեսություն, բարձր աճով: Բանն այն է, որ 2017թ.-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է ոչ ավել ոչ պակաս 7,5%:
Երկրորդը, ներկայիս իշխանությունն՝ ի դեմս երկրի ղեկավարի, փաստում է, որ այս տարի ամեն ինչ արել են Հայաստանի տնտեսությունը վերադարձնելու այն կայուն վիճակին, որը ժառանգել են 2018թ.-ին:
Անդրադառնալով վարչապետի այն գնահատականին, որ այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը տնտեսական հեղափոխության այս փուլի նպատակն էր, վերջապես կարելի է հասկանալ՝ ինչ ասել է տնտեսական հեղափոխություն: Ահա այն՝ իր ողջ հմայքով, որը նույնական է 2017թ.-ի տնտեսական աճի ցուցանիշի հետ:
Իշխանությունների ինքնախոստովանությունների շարքը շարունակելի է…