Բաքու այցի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Շարունակելու ենք հակամարտության լուծմանն աջակցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Լավրովը դեկտեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բաքու, որտեղ հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։