Երևանն ընդգրկվել է 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին և, ըստ Forbes-ի, ընկղմվել բնության կամ մշակույթի մեջ՝ օտարազգի զբոսաշրջիկների ամբոխներից հեռու:
«Չի կարելի ասել, թե նշված ուղղությունները հայտնի չեն իրազեկ ճամփորդներին և ավիափոխադրումներից հաճախ օգտվող ուղևորներին, ուղղակի, դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի»,-ասվում է հոդվածում, փոխանցում է Panarmenian.net-ը:
Նշվում է, որ Հայաստանը, որը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր», ամենահետաքրքիր վայրերից է, ուր կարելի է այցելել` շնորհիվ վեհաշուք տաճարների ավերակների և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող քրիստոնեական վանքերի: Պարբերականը նշում է, որ Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և հայտնի է Արարատի հիասքանչ տեսարանով, որը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է:
Նշվում է նաև, որ Երևանը հաճախ «վարդագույն քաղաք» են անվանում այդ երանգի հրաբխային տուֆի պատճառով, որից կառուցված են քաղաքի շենքերից շատերը: