Մոսկվան հետաքրքրված է, որ ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածություններն իրականանան, կարևոր է խուսափել հռետորաբանությունից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով ժամանել է Բաքու։ Երեքշաբթի տեղի կունենան բանակցություններ նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ, հայտնում է News.am-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները՝ հումանիտար կապերի կարգավորման, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն։ Դրանք աստիճանաբար իրականացվում են և, հուսով եմ, որ այս շաբաթ նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները»,- Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
«Համաձայն եմ ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռևս շատ բան պետք է անել։ Լիովին համաձայն եմ ձեր այն թեզիսի հետ, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու երկրների կողմից և ամրագրվել ՄԱԿ կանոնադրությունում ու Հելսինկյան ամփոփիչ ակտում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։