Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին, հայտնում է Tert.am-ը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Երեկ բավականին թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ մենք ընդունել էինք նախագիծը, որ առաջինից երկրորդ ընթերցում թերությունները շտկվեն, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց նա:
Օրենքը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների 19 կողմ, 89 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում էր, որ ազգային անվտանգության մարմինների ղեկավարներ կարող էին նշանակվել նաև համակարգից դուրս մարդիկ: