Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, ով ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնել Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից: Դեկտեմբերի 3-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ում:
«Ես այսօր դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը և այդ մասին իմ կողմնակիցներին հայտնում եմ խորին ափսոսանքով, բայց միևնույն ժամանակ երախտագիտության զգացումով»,- ասված է սենատորի տարածած հաղորդագրության մեջ:
CNN հեռուստաընկերությունը մեջբերում է կատարել էլեկտրոնային փոստով իր կողմնակիցներին Հարիսի ուղերձից: «Ես գնահատեցի իրադրությունը բոլոր կողմերից և վերջին օրերի ընթացքում կայացրեցի իմ կյանքում ամենադժվարին որոշումներից մեկը: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու իմ արշավը պարզապես ֆինանսական միջոցներ չունի, որոնք անհրաժեշտ են այն շարունակելու համար»: