Բրատիսլավայում ԵԱՀԿ 26֊րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունենալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից ժամեր առաջ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ֊ում փաստաթուղթ է տարածում՝ հակամարտության կարգավորման սեփական տեսլականը ներկայացնելով։
Հուշագրում տեղ գտած մոտեցումները նոր չեն, դրանց մասին պաշտոնական Բաքուն խոսել է կարգավորման ողջ ընթացքում, բայց հանդիպել հայկական կողմի պատասխան դիրքորոշմանն ու փաստարկված հակադրությանը։ Կունենա՞նք այս փաստաթղթին պատասխան հայկական կողմից այսօր։ Կանդրադառնա՞ դրան նախարար Մնացականյանը և ինչպե՞ս կանդրադառնա։ Պարզ կլինի արդեն ժամեր անց։ Բայց արժե ուշադրություն դարձնել նաև խնդրի երկրորդ՝ առավել մտահոգիչ կողմին։
ԵԱՀԿ-ում ադրբեջանական հուշագիրը տարածվեց ՌԴ ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի հաջորդ օրը։ Եթե նման փաստաթղթի բովանդակությունը Լավրովի հետ համաձայնեցված էր, ապա ունենում ենք մի իրավիճակ, որը վկայում է արդեն ոչ միայն արցախյան հարցում մեր ոչ լիարժեք ու ոչ բավարար պատրաստվածության, այլև հայ-ռուսական հարաբերություններում առկա շատ խորքային խնդիրների մասին։
Իսկ եթե ԵԱՀԿ-ում այսօր տարածված փաստաթուղթը համանախագահող երկրներից և ոչ մեկի հետ համաձայնեցված չէ, ապա ՄԽ համանախագահությունը պիտի համապատասխան հայտարարությամբ անդրադառնա դրան՝ որպես սպասվող բանակցությունները վտանգի տակ դնելու փորձ։