ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է Ֆրանսիա ԻՊ-ի զինյալների տեղափոխել: Սպիտակ տան ղեկավարը նման առաջարկություն է արել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է The Hill-ը:
«Ցանկանու՞մ եք ԻՊ-ի լավ զինյալներ: Ես կարող եմ նրանց ձեզ տալ: Դուք կարող եք վերցնել յուրաքանչյուրին, ում ցանկանում եք», - ասել է Թրամփը՝ ժպտալով:
Նման հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահի դժգոհության համատեքստում, քանի որ եվրոպական երկրները չեն ցանկանում ընդունել ԱՄՆ-ի կողմից ձերբակալված ԻՊ գրոհայիններին:
«Եկեք լուրջ լինենք»,- պատասխանել է Մակրոնը՝ հավելելով, որ ԻՊ զինյալների մեծ մասը եկել են Սիրիայից, Իրաքից և Իրանից, իսկ խմբավորման եվրոպական հատվածը փոքր մաս է կազմում:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հերքել է Թրամփի պնդումը` ԻՊ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին: