Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարկված դիրքորոշման, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների, ինչպես նաև Բրատիսլավայում կայանալիք արտգործնախարարների հանդիպման մասին «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո´ն Բաբայան, ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի կողմից այսօր հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:
-Այդ փաստաթղթում որևէ նորություն չկա: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները: Ադրբեջանի գործողություններում նոր բան չկա, հակառակորդն իր ապակառուցողական պահվածքը չի վերանայել: Դա ադրբեջանական ձեռագրի մի մաս է, որում արտառոց ոչինչ չկա:
-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է միջհամայնքային շփումների մասին: Պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է դա մեկնաբանում:
- Լավրովի նման դիվանագետի հայտարարությունները պետք է դիտարկել մի քանի հարթություններում: Նախևառաջ նշենք, որ հայտարարությունը վերաբերում է հումանիտար բնույթի հարցերին, քանի որ պարզ է, որ կարգավորումը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել «միջհամայնքային երկխոսության» համատեքստում: Ավելին, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» ֆեյք հասկացություն է: Այն պարզապես հասարակական կազմակերպություն է:
Ադրբեջանում «միջհամայնքային» համատեքստում անմիջապես կենտրոնանում են միայն Արցախի վրա: Մինչդեռ, Ադրբեջանի համար դա երկսայր սուր է: Այդ երկրում ապրում են բազմաթիվ այլ ժողովուրդներ, որոնք ակնհայտորեն ճնշումների են ենթարկվում, և նրանց իրավունքները որևէ կերպ չեն հարգվում: Եվ եթե մենք ընդունում ենք երկխոսություն հասկացությունն ավելի լայն համատեքստում, ապա Բաքուն իրականում պարտավոր է երկխոսություն և շփումներ հաստատել այս երկրում ապրող բոլոր ժողովուրդների՝ լեզգիների, թալիշների, թաթերի հետ:
Հարկ է նաև նշել, որ Լավրովը հստակ պահպանում է բանակցային գործընթացի սուբյեկտկայնությունը, երբ ասում է, որ «որոշումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի ժողովուրդների համար»:
«Միջհամայնքային շփումներ» երբևէ չեն եղել: Թերևս Լավրովը հավանաբար նկատի է ունեցել հասարակական երկխոսություն հաստատելու հանգամանքը, և նման փորձեր իսկապես արվել են անցյալում: Այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, ներառյալ այնպիսի փորձառու դիվանագետի, ինչպիսին է Ռուսաստանի արտգործնախարարը, որ խոսք անգամ չի կարող լինել հանրային շփումներն այլ մակարդակի տեղափոխելու մասին: Մեզ համար սա բացարձակապես անընդունելի է, և բացառված է, որ մենք երբևէ այդ քայլին գնանք:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպումից:
-Այսպիսի բանակցությունները մենք միշտ արժևորել ենք, որովհետև, նախևառաջ, դրանք շատ կարևոր են այսպիսի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Եվ երկրորդը, այս հանդիպումներն ապահովում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շարունակականությունը: Այս տեսանկյունից՝ միանշանակ նման հանդիպումները կարելի է նաև կարևոր և առանցքային համարել։ Եթե նմանտիպ հանդիպումներ չլինեն, ապա պետք է դադարեցնենք բանակցությունները և ոչինչ չանենք:
Նման հանդիպումները, կրկնում եմ, թույլ են տալիս ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը։