ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ էսփերը՝ հավելելով, որ ընդամենը Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող:
«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նաև չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է՝ կկարողանամ հետ կանչել մեր զինվորականներից ևս 50-ին»,- ասել է էսփերը: