ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք:
Նախորդ տարվա մասին խոսելով՝ Լայչակը նշել է, որ հակամարտությունների կարգավարման համար երկխոսությունը ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մինսկի խմբի գործընթացի, ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակում: «Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն ուղղակի աջակցենք, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի»,- ասել է նա:
Նա շեշտել է, որ Վրաստանում մարդիկ բախվում են հիմնական ազատությունների սահմանափակմանը, ինչպիսին է տեղաշարժման ազատությունը: Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, ապա վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացը ենթակա է նահանջելու վտանգին:
«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահը, ես չունեմ կախարդական բանաձև, թե հակամարտություններն ինչ կերպ և ընդմիշտ կարգավորենք»,- ընդգծել է Լայչակը:
Նա հավելել է, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունը առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի: