Օրեր առաջ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հանդես եկավ բավական հետաքրքիր խոսքով: Այն, ինչ-որ իմաստով, կարելի է նաև համարել կոչ՝ ուղղված հայ գործընկերներին՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք:
Ելույթի ընթացքում դեսպանը խոսեց հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների չիրացված պոտենցիալի մասին: Նշենք, որ հայ-ղազախական առևտրաշրջանառությունը վերջին տարիներին, բացառությամբ 2019թ.-ի, աճ է գրանցել: 2016թ.-ին, փոխադարձ առևրաշրջանառությունը կազմել է մոտ 5 մլն դոլար: 2018թ.-ի դրությամբ այն հասել է մոտ 9 մլն դոլարի: 2019թ.-ին, 2018թ.-ի նկատմամբ հայ-ղազախական առևտրաշրջանառությունն անկում է ապրել մոտ 10 տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2019թ.-ն առանձնացավ Ղազախստանից ավտոգնորդների աննախադեպ հոսքով: Խնդիրն, անշուշտ, չկանոնակարգված հարաբերությունների տիրույթում է:
Մյուս կարևոր թեզը, որի մասին խոսեց դեսպանը, հայկական շուկայի չափազանց փոքր լինելուն է վերաբերում, ինչով պայմանավորված՝ Հայաստանը գրավիչ չէ ղազախ ներդրողի համար:
Սա կարևոր զանգ պետք է լինի հայկական իշխանությանը՝ մեծացնելու Հայաստանի փոքր շուկայի հնարավորությունները: Իսկ դա հնարավոր է այն գործիքակազմով, որն ունի մեր պետությունը: Խոսքն, իհարկե, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու փաստին է վերաբերում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմին և Հայաստան-ԵՄ խորը և համապարփակ համաձայնագրին (CEPA):
Ի դեպ, իր խոսքում դեսպանն Իրանի հետ մեր հնարավորություններին ակնարկ արել է՝ հստակ ազդակ տալով, որ ղազախական բիզնեսը հետաքրքրված է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հայաստանյան խողովակներով:
Ուստի, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու իրական գործարկումն արագացնել է պետք:
Փոքր-ինչ այլ է իրավիճակը եվրոպական օրակարգի պարագայում: Եթե առևտրի արտոնյալ ռեժիմը գործող մեխանիզմ է և անհրաժեշտ է այդ մասին բոլոր խողովակներով պարբերաբար հիշեցնել գործընկերներիրն, ապա CEPA-ն կարելի է համարել ակտիվ Եվամիության անդամ բոլոր երկրների կողմից վավերացումից հետո միայն: Պետք է նշել, որ դեկտեմբերի 4-ին համաձայնագիրը վավերացրեց Իռլադիայի խորհրդարանը: Հարկավոր է դիվանագիտական խողովակներով փորձել արագացնել փաստաթղթի ամբողջական վավերացման գործընացը, քանի որ ի վերջո այս ամենն աշխատելու է ՝ ի նպաստ հայկական տնտեսության: