Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները կարևոր փաստեր երևան հանեցին Արցախի շուրջ այսօր ընթացող բանակցությունների վերաբերյալ: Նախ, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանը տևական ժամանակ փորձում էր խուսափել «բանակցություններ» բառից՝ դրանք կոչելով «շփումներ», «խորհրդակցություններ», «մտքերի փոխանակումներ» և այլն, Բրատիսլավայի հանդիպումը և դրա արդյունքներն ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահության հայտարարությունը փաստեցին՝ ունենք բանակցություններ, բովանդակային բանակցություններ, որոնց շրջանակներում ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա արդեն 2020-ի սկզբին:
Երկրորդ տրամաբանական հարցն այն էր, թե ինչի շուրջ ենք բանակցում: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունը, թե բանակցային սեղանին Մադրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակն է, Մամեդյարովի պնդմամբ՝ Կազանի փաստաթուղթը: Մադրիդյան փաստաթղթի մասին նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ի ամբիոնից խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ այլաբանական համեմատություններով նշելով, որ նախ պիտի հասկանանք, թե ուր է տանում Մադրիդյան փաստաթուղթը, հետո միայն ասենք՝ համաձա՞յն ենք դրա շուրջ բանակցել, թե՞ ոչ: Երեկ, Մինսկի խմբի համանախագահության տարածած հայտարարության մեջ շատ հստակ ամրագրվեց, որ բանակցությունների հիմքը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն են և 2009-2012թթ. հայտարարություններն ու համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված կետերը: Հիշեցնենք՝ խոսքը Մադրիդյան դրույթների մասին է: Փաստորեն, արդեն հասկացել ենք, թե ուր են տանում Մադրիդյան փաստաթղթի կետերը, ավելին՝ բովանդակային բանակցությունների ենք գնում՝ հիմքում դնելով հենց այդ դրույթները:
Բրատիսլավայում կայացած հանդիպումը կարևոր եղավ նաև հայկական կողմի դիրքորոշման հրապարակման տեսանկյունից: Ավելի քան 1.5 տարի արցախյան խնդրի առնչությամբ մեր պաշտոնական դիրքորոշումը հրապարակելուց հրաժարվելուց հետո, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, նախարար Մնացականյանը վերջապես հրապարակեց այն: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր մոտեցումների առանցքում, համաձայն ԱԳ նախարարի ելույթի, Արցախի ինքնորոշման իրավունքն է: Լիարժե՞ք էր արդյոք ներկայացված դիրքորոշումը: Թերևս՝ ոչ: Կային վիճահարույց, պարզաբանման ու հստակեցման կարիք ունեցող դրույթներ ու մտքեր, սակայն միայն փաստը, որ այսօր ներկայանում ենք որոշակի դիրքորոշմամբ ու սկզբունքներով, արդեն գովելի է: Մնում է հավատարիմ մնալ գոնե այս սկզբունքներին և չանել հայտարարություններ և գործողություններ՝ կասկածի տակ դնող նույն այդ սկզբունքները: Եվ ամենակարևորը՝ հրաժարվել Արցախի սուբյեկտայնության ու ինքնորոշման իրավունքի դեմ արվող վտանգավոր քայլերից: