Վրիպակ է եղել թարգմանված տեքստը կայքում զետեղելու ժամանակ։ Այն նկատելուն պես հեռացվել է։ Ելույթը եղել է անգլերեն, ուստի օրիգինալն անգլերեն տարբերակն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակների անհամաձայնությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։ ԱԳՆ կայքում հրապարակված նախարար Մնացականյանի ելույթի տեքստի անգլերեն և հայերեն տարբերակներում կային անհամաձայնություններ:
Ելույթի հայերեն տարբերակում նշված էր, որ «...հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը...»։
«Ընդգծեմ, որ ԱԳ նախարարն իր ելույթներում և հանրային խոսքում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. որպես վերջին օրինակներից մեկը ցանկանում եմ վկայակոչել ԱԳ նախարարի BBC Hard Talk-ին տված հարցազրույցը»,- ասել է Աննա Նաղդալյանը։