Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:
«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշել է փոխնախարար Բալայանը:
Նա տեղեկացրել է, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են: