Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ այցելել է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան: Այս մասին հաղորդում է «Տասս» գործակալությունը: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ նա այդ հուշավայրում հարգել է զոհվածների հիշատակը:
«Սա կանցլեր Մերկելի առաջին և պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն է Աուշվիցի ճամբար»,- տեղեկացրել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին:
Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ժամանումն Օսվենցիմ «հնարավորություն է աշխարհին հիշեցնելու նացիստական Գերմանիայի կողմից Աուշվիցում և մյուս համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, միլիոնավոր զոհերի մասին, այն մասին, թե որքան կարևոր է հիշել նրանց, ասել ճշմարտությունն այն ժամանակների մասին և դիմակայել պատմությունը վերանայելու փորձերին»: