ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։
Արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, Փաշինյանի հետ միջոցառմանը մասնակցուըմ են նաև Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ:
Նշենք, որ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։
Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթևան մնացին: