ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր
Վիենայում դեկտեմբերի 6-ին կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը: Ինչպես փոխանցում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի կատարողականներն ու վերջիններիս հնարավոր զարգացումները՝ վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և գյուղատնտեսության և ՓՄՁ զարգացման ֆինանսավորման համար ծրագրերի կատարման ընթացքը:
Նիստի ավարտին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն եվրո ընդհանուր գումարով: Համաձայնագրերից մեկը, 20 մլն եվրո գումարով, վերաբերում է «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի հերթական փուլին: Հաջորդ համաձայնագիրը «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի հերթական փուլի մեկնարկն է՝ 20 մլն եվրո գումարով: Երրորդ համաձայնագիրը «Վերականգնվող էներգետիկայի խրախուսում» ծրագրի հերթական փուլի իրականացման և այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով է և դարձյալ կազմում է 20 մլն եվրո: