Սամոայում կարմրուկի համաճարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է երկրի կառավարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Բռնկման պահից (2019 թվականի հոկտեմբերի կեսից) գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 4 հազաց 693 դեպք, որոնցից 112-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Այսօրվա դրությամբ 70 մարդ է մահացել այդ հիվանդությունից»,- նշվում է կառավարության հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 70 մահացածներից 61-ը մինչև չորս տարեկան երեխաներ են: Հաղորդվում է նաև, որ ներկայում հոսպիտալացված է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ 16 ծանր հիվանդ երեխաներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նախօրեին Սամոայի կառավարությունը հայտարարել էր, որ կարմրուկի դեմ բնակչության իմունիզացիայի երկօրյա արշավի ընթացքում հաջողվել է պատվաստումներ անել երկրի բնակչության մոտավորապես 40 տոկոսին և պատվաստումների ընդհանուր ցուցանիշը հասցնել 90 տոկոսի: