Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է գործակալության մամլո ծառայությունը:
Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից:
Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: