Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկյան ԶԼՄ-ները, հետո տեղեկատվությունն հաստատեցին նաև կողմերը:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:30), որին կհաջորդի համատեղ մամլո ասուլիսը: Նախատեսվում է նաև Լավրովի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այն կսկսվի տեղական ժամանակով 14:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 22:30):
The Washington Post պարբերականի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ արտաքին գերատեսչությունների երկու ղեկավարների հանդիպման օրակարգում հարցերի բավական լայն շրջանակ է՝ սպառազինությունների վերահսկմանն առնչվող հարցերից մինչև սիրիական ու ուկրաինական զարգացումներ: Վերջինը հատկապես կարևորվում է, եթե հաշվի առնենք, որ Լավրովը Վաշինգտոն է մեկնում դեկտեմբերի 9-ին Փարիզում «Նորմանդական քառյակի» ղեկավարների 2.5 ժամ տևած հանդիպումից անմիջապես հետո: Անշուշտ, չի բացառվում, որ անդրադարձ կարվի նաև միջազգային կարևորություն ներկայացնող այլ խնդիրների ևս: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ «կողմերը մտքերի փոխանակում են իրականացնելու հիմնական միջազգային խնդիրների և երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»:
Նշենք, որ Լավրով-Պոմպեո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սույն թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում: Իսկ վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը Վաշինգտոն էր մեկնել 2017-ի մայիսին: