Հայաստանն այս պահին նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում, գործող էներգաբլոկի կյանքն էլ արդիականացման աշխատանքների ավարտից հետո կերկարացվի մինչև 2026 թվական, սակայն թույլատրելի է նաև մինչև 2036 –ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է նոր ատոմակայանի կառուցում:
Նախարարը նշեց՝ չի ուզում ժամանակից առաջ ընկել, սակայն հնարավորությունները թույլ են տալիս աշխատել մինչև 2036 թվական: Հարցին, թե 2021-ին նախատեսվող արդիականացման աշխատանքներից ավարտից հետո արդյոք նախատեսվում է ևս մեկ արդիականացում, որպեսզի ԱԷԿ-ը շահագործվի մինչև 2036-ը, Պապիկյանը պատասխանեց՝ արդիականացումը միշտ անհրաժեշտ է, անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ ամեն տարի որոշակի փոփոխություններ, արդիականացումներ տեղի ունենան:
Անդրադառնալով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետին՝ Պապիկյանը նշեց, որ ատոմակայանի շահագործումն ու լիցենզավորումը միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում է տեղի ունենում: «Մի բան փաստ է, որ Հայաստանի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն: Հայաստանը խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև՝ արտահանող երկիր: ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի՝ այս պահին 40 տոկոսը, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի»,-եզրափակեց Պապիկյանը: