Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի: Այս մասին հայտարարել է նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին: «Նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով: Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Առաջնորդության օրինակ ունենք մեր առջև՝ Հիսուս Քրիստոսը, որ իր աշակերտների ոտքերը լվաց, ցույց տվեց՝ ինչպես լինել բարի հովիվ:
Այսօր պատրիարք չընտրեցիք, աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նրա խոսքով՝ պատրիարքական երդման, գահակալության մեծ արարողություն տեղի կունենա և այդ ժամանակ էլ կուղղի պաշտոնական հայրապետական խոսքը: «Իսկ այժմ պետք է խնդրեմ՝ աղոթեցեք ինձ համար: Երբ կտեսնեք, որ ձեր պատրիարքը տկարանում է, ավելի շատ աղոթեք: Այն, որ խաղաղությամբ մենք պատրիարք ընտրեցինք, բազմահազար մարդկանց աղոթքների շնորհիվ եղավ»,-նշել է նորընտիր պատրիարքը և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակցություն ունեցածներին, ինչպես նաև պատրիարքի մյուս թեկնածուին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նրա կողմնակիցներին: