Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ողջունելով ներկայացված աշխատանքների հեղինակներին, կարևորել է նմանատիպ միջոցառումները և նշել, որ դրանք պետք է կազմակերպել առավել հաճախ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինտեգրվել հասարակությանը:
«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի հիմնադիր Արփինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառույցը գործում է 20 տարի: Երեխային հարազատներից չօտարելու և ընտանիքի անդամների առօրյա հոգսերը դյուրացնելու նպատակով՝ կենտրոնում իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամք: Արփինե Աբրահամյանի խոսքով՝ ցուցահանդեսը լավ հնարավորություն է մտավոր խնդիր ունեցող անձի կարողությունները և աշխատանքային հմտությունները ներկայացնելու համար:
Ցուցադրված աշխատանքների վաճառքից ստացված հասույթի կեսը կհատկացվի հեղինակին, իսկ մյուս մասը կտրամադրվի կենտրոնին՝ աշխատանքային պարագաներ ձեռք բերելու նպատակով:
Կենտրոնի շահառու Ալեքսանդր Բայդրելովի կողմից Արարատ Միրզոյանին փոխանցվել է «Կյանքը շարունկվում է» կավե աշխատանքը: