Բուլղարական կողմն օրեր առաջ պատրաստակամություն հայտնեց «Թուրքական հոսք» գազատարով գազ տարանցել դեպի Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա: Ըստ էության, հաղթահարվեց «Թուրքական հոսքի» գործարկման կարևոր խոչընդոտներից մեկը, կարծես՝ վերջինը:
Թուրքական հոսք
«Թուրքական հոսք» գազատարն ունի երկու խողովակաշար՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խ/մ, անցկացված են Սև ծովի հատակով: Առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի սպառողին, երկրորդով՝ Եվրոպայի հարավային և հարավարևմտյան երկրներին:
Գազատարը փոխարինում է «Հյուսիսային հոսք» նախագծին, որի չեղարկման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 2014թ.՝ հղվելով ԵՄ կողմից առաջադրվող խոչընդոտներին:
2015թ. «Թուրքական հոսքի» հետ կապված բանակցություններ սկսվեցին ՌԴ և Թուրքիայի միջև: Գազատարի հետ կապված աշխատանքները միառժամանակ կասեցվեցին նույն տարվա նոյեմբերին՝ կապված թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ՍՈՒ24-ի կործանման հետ:
2017թ. մայիսին գազատարի շինարարական աշխատանքները մեկնարկեցին:
«Թուրքական հոսք» գազատարի գործարկումը տեղի կունենա հունվարի 8-ին:
Պետք է նշել, որ բուլղարական կողմը գազատարի հետ կապված աշխատանքներին միանալու համաձայնությունից կարճ ժամանակ առաջ շարունակում էր ձգձգել գործընթացը՝ պայմանավորելով դա Եվրամիության «պարտադիր գործընթացներով»:
Այն, որ նախագիծն ի վերջո հաստատվելու էր, հասկանալի էր՝ պայմանավորված հանգամանքով, որ այն շահավետ է բացառապես բոլոր կողմերի համար: Բուլղարիայի դրական պատասխանի վրա ազդեցություն ունեցան նաև ՌԴ-Արևմուտք վերջին զարգացումները:
Տեղի ունեցան Պուտին- Զելենսկի բանակցություններ՝ «Նորմանդական Քառյակի» շրջանակներում: Եվրոպական կողմը դրական արձագանքեց հանդիպման փաստին: Փորձագիտական ու լրատվական շրջանակներում փաստվեց՝ եռամյա դադարից հետո, բանակցան սեղանին նստելն արդեն իսկ փոխզիջում է:
Տեղի ունեցավ Լավրովի աշխատանքային այցը Վաշինգտոն: Չնայած կողմերի հարաբերություններում ճեղքում չարձանագրվեց, որոշ դրական էլեմենտներ կային բարձրաստիճան հայտարարություններում:
Գազատարի գործարկման մեջ փոքր չէ նաև ռուս-թուրքական մերձեցման գործոնը, որից փաստորեն օգտվում են բոլոր կողմերը, այդ թվում՝ Եվրոպան: