Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Վաշինգտոն, որտեղ նա բանակցություններ է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վկայում է այն մասին, որ երկու երկրները փորձում են բարելավել հարաբերությունները, սակայն հստակ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:
Կողմերը բանակցությունների ժամանակ քննարկել են հարցերի լայն շրջանակ` իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կորեայի և Իրանի հարցերը, ահաբեկչության դեմ պայքարը, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, պատժամիջոցները: Կողմերն անդրադարձել են նաև այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններում ամենաարդիականը համարվող խնդրին` Ռազմավարական հարձակվողական զինատեսակների սահմանափակման և կրճատման մասին պայմանագրի հետագա ճակատագրին: 2010 թվականին ստորագրված այս փաստաթուղթը Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության դադարեցումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հզորության կրճատման վերաբերյալ միակ փաստաուղթն է, որն էական նշանակություն ունի գլոբալ անվտանգության տեսանկյունից:
Սակայն պետք է նկատել, որ թեև կողմերը քննարկել են հարցերի նման լայն շրջանակ, այդ ուղղություններով կոնկրետ գործողություններ ձեռնարկելու մասին պայմանավորվածություններ չկա, բանակցությունների ժամանակ ավելի շատ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն: Ռուսաստանի և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցությունը թերևս միակ ուղղությունն է, որտեղ կողմերն ունեն հստակ պայմանավորվածություններ և գործողությունների ծրագիր: Մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ու Պոմպեոն հայտարարել են, որ կողմերը շուտով հանդես կգան տնտեսական համագործակցությունը զարգացնելու նախաձեռնություններով, մասնավորապես՝ նախատեսվում է ստեղծել ՌԴ-ԱՄՆ խորհրդատվական գործարար խորհուրդ:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ առաջիկա մեկ տարում ռուս-ամերիկյան հարաբերություններում առանձնակի ձնհալ չարժե ակնկալել: Թրամփը, թեև ի սկզբանե հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն այդ հարցում բավականին կաշկանդված է` սկզբում ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության գործով, իսկ այժմ սպասվող ընտրություններով: Երբ առջևում նախագահական ընտրություններ են, նա ստիպված է չանել քայլեր, որոնք կարող են հետագայում դեմոկրատների կողմից իր նկատմամբ նոր հետաքննությունների առիթ դառնալ: