Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին կողմ քվեարկեց 2020թ.-ի պետական բյուջեի նախագծին: Վերջինիս հաստատումը ենթադրում է նախագահի ստորագրություն: Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառումով նշել է, որ պատրաստ է ստորագրել նախագիծը՝ Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո: Ստացվում է, որ Միացյալ Նահանգների բյուջեի հաստատմանը, փաստացի պակասում է Սենատի վավերացումը:
Իսկ ի՞նչ է ենթադրում այս տարվա ամերիկյան բյուջեն:
Ռազմական ծախսերի աճ:
2019թ. բյուջեով ամերիկյան պաշտպանական ծախսերը կազմել են 716 մլրդ դոլար: 2020թ. նախագծով նախատեսվում է այն ավելացնել 22 մլրդ դոլարով՝ հասցնելով 738 միլիարդի:
Պատժամիջոցների աճ:
Ռազմական բյուջեի նախագիծը ենթադրում է մի շարք ուղղություններով պատժամիջոցների կիրառում: Մասնավորապես, ռուսական երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսքի» և «Թուրքական հոսքի» նկատմամբ: Փաստաթուղթը ենթադրում է «եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանությունը ռուսական խողովակատարերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»:
Այն նաև ներառում է սահմանափակում Թուրքիայի կողմից F-35s կործանիչների գնման նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ ռուս-թուրքական C-400–ի ձեռքբերման գործարքի պատճառով:
Պետք է նշել, որ հակաթուրքական պատժամիջոցների մշակման գործընթաց կազմակերպվում է նաև ԱՄՆ Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից: Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել Սիրիայում ռազմական գործողությանը մեղսակից անձանց դեմ, մասնավորապես՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ:
Ռազմական բյուջեի «երանգներն» ու ԱՄՆ ընտրությունները:
Միացյալ Նահանգներում նախագահական հերթական ընտրություններ սպասվում են 2020թ. նոյեմբերին: «America first» կարգախոսով իշխանության եկած Թրամփի համար ընտրություններից առաջ խիստ անհրաժեշտ է Ամերիկայի շահի համար արված ռադիկալ քայլը: Դրա համար լավագույն ժամանակաշրջանն առաջիկա մի քանի ամիսներն են, ոչ ավելի ուշ, քանի որ բուն նախընտրական պրոցեսներում արտաքին քաղաքական ակտիվ վայրիվերումները խոցելի են դարձնում երկրի իշխանություններին: