Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Սա այն բանաձևն է, որ տարիներ շարունակ հայկական կողմը բարձրաձայնել է՝ ի պատասխան Բաքվի ռազմատենչ հայտարարություններին և հակամարտությունը ուժային տարբերակով լուծելու կոչերին: Սակայն արդեն մեկուկես տարի է կառուցողականության դիրքերից հանդես է գալիս ադրբեջանական կողմը՝ հմտորեն օգտվելով Հայաստանի նոր իշխանությունների բացթողումներից: Ի դեպ, դրանցից վերջինին ադրբեջանական կողմն արձագանքեց անմիջապես: Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ բանակցություններին Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը դեմ չլինելու մասին է: Մամեդյարովն իր հարցազրույցում զարմանք արտահայտեց, թե ինչու՞ հայկական կողմը թույլ չի տալիս «Ղարաբաղի հայկական համայնքին» կապեր հաստատել «ադրբեջանական համայնքի» հետ:
Բաքվի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ բանակցությունների ներկայիս փուլն ու ընթացքը, ընդհանուր առմամբ, պրոադրբեջանական մոդելի մեջ են: Չմոռանանք, որ Ադրբեջանը բանակցային ողջ գործընթացում ցանկացած իր համար անպատեհ, անցանկալի իրավիճակում «հիշեցնում էր» այն մասին, որ խնդրի լուծման իրենց տարբերակը ռազմականն է: Այսօր Բաքուն խոսում է բանակցություններին այլընտրանք չլինելու մասին, ինչը կարևոր ցուցիչ է՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ ունենք բանակցային սեղանին:
Ի դեպ, Մամեդյարովը նշեց նաև, որ հայկական կողմն է «տարբեր փաստաթղթեր» դնում սեղանին, որոնցից մեկն էլ, այսպես կոչված «Լավրովի պլանն» է: Այս վերջինի վերաբերյալ կսպասենք հայկական կողմի պաշտոնական արձագանքին, որը, հուսով ենք, կլինի հստակ ու չուշացած: