Վրաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ծանր կացության մեջ: Ազգային փոխարժեքի՝ լարիի շարունակական անկումը դոլարի նկատմամբ, գների աճը, որոնք որոշ ճյուղերում գերազանցում են 13 տոկոսը, հանգեցրել է երկրի Կենտրոնական բանկի կողմից ակտիվ միջամտության՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման տեսքով:
Ի՞նչ է կատարվում
2019թ.-ի դեկտեմբերի դրությամբ գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի գներն աճել են 13,4 տոկոսով: Հունիս ամսվանից սկսած, լարին գրանցել է դոլարի նկատմամբ փոխարժեքի շարունակական անկում. վեց ամիսների ընթացքում լարին արժեզրկվել է մոտ տասը տոկոսով:
Ֆինանսական շուկաներում արտարժույթի խիստ պակասուրդ կա՝ պայմանավորված զբոսաշրջային հոսքերի կտրուկ նվազման հետ:
Ամեն ինչ սկսվեց…
Վրացական տնտեսությանն այս տարի երկու հուժկու հարված հասցվեց՝ ՌԴ հետ ավիափոխադրումների կասեցումը և ներքաղաքական լարվածությունը: Արդյունքում երկիրը փաստացի զրկվեց զբոսաշրջային հոսքերից, հետևաբար նաև՝ երկիր մտնող արտարժույթի մեծ քանակից: Տարբեր գնահատականներով, 2019թ. այս ամենից երկիրը տուժել է մոտ 750 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018թ.-ին զբոսաշրջային համախառն եկամուտները կազմել են 3,2 մլրդ դոլար:
Հունիս ամսվանից սկսած լարին արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Դեկտեմբերին երկրի Կենտրոնական բանկը կրկին խստացրեց դրամավարկային քաղաքականությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0,5 տոկոսային կետով և հասցնելով 9-ի:
Ի՞նչ է սպասվում
Ազգային արժույթի անկումից առավելապես կտուժի միջին բիզնեսը, որն ունի շատ աշխատուժ: Մեծ է հավանականությունը, որ այդպիսի կազմակերպություններն աշխատակիցների պահելու հետ կապված խնդիրներ կունենան, ինչը ենթադրում է առաջիկայում սոցիալական մեծ խնդիրներ:
Փոքր չէ հավանականությունը, որ լարիի դեվալվացիան դեկտեմբերի վերջին կդադարի, կամ որոշակիորեն կդանդաղի՝ կապված տոների հետ: Ձմեռային զբոսաշրջության ակտիվացմանը կնպաստի ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնումը, ուստի սպասելի է, որ լարիի արժեզրկմամբ պայմանավորված ինֆլյացիան ևս կդանդաղի: