Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, միջոցառման շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։
Համաձայնագիրը գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են խթանել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար, իրենց լիազորությունների շրջանակներում նպաստելու են գործարար շրջանակների միջև ուղղակի շփումների հաստատմանը։