Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նիդերլանդների խորհրդարանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։