Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է փոխել պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության գնահատման մոտեցումներն՝ առաջարկելով առանց դատուդատաստանի բանտ նստեցնել «գալոչկա դնելու» համակարգի պատճառով։ Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է երկուշաբթի, վարչական պատասխանատվության վերաբերյալ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես ինձ զեկուցում են, մինչև հիմա մեզ մոտ արմատախիլ չի արված «գալոչկա դնելու» համակարգը, այդ մեղքը գործում են գրեթե բոլորը՝ ոստիկանությունը, մաքսային մարմինները, հարկային տեսչությունը, հրշեջ ծառայությունը, սանկայանը և այլն: Բանն այնտեղ է հասնում, որ ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է օրական բերել իրավախախտումների մասին 3-5 արձանագրություն, եթե ոչ՝ կմնան առանց պարգևավճարի։ Անթույլատրելի է. դրա համար պետք է բանտ նստեցնել առանց դատուդատաստանի»։ Նախագահի խոսքով՝ հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։
Նա մատնանշել է այն, որ երբեմն իրենք՝ աշխատակիցներն են ավելորդ նախանձախնդրություն ցուցաբերում՝ աչքի ընկնելու հույսով:
Նախագահի կարծիքով՝ բոլորը պետք է հստակ հասկանան, որ աշխատանքի գլխավոր չափորոշիչը ոչ թե վերհանված իրավախախտումների թիվն ու գրված տուգանքներն են, այլ կանխարգելիչ ներգործությունը։