Ղազախստանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության չարտոնված բողոքի ակցիաների մի շարք մասնակիցների, որոնք ակցիան կազմակերպել էին Ղազախստանի անկախության օրվա և Ժանաոզեն քաղաքում 2011 թվականին տեղի ունեցած դեպքերի օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է svoboda.org կայքը` մայրաքաղաք Նուրսուլթանում ոստիկանությունը փակել է երթի ճանապարհը, որը շարժվելիս է եղել կառավարական թաղամասի ուղղությամբ:
Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Երկրի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում, նույնպես չարտոնված ցույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել հաջակցություն քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև բացականչել են «Ղազախստանն առանց Նազարբաևի» և «Ծերո՛ւկ, հեռացի՛ր»:
Ցուցարարներ են բերման ենթարկվել ևս մի քանի քաղաքներում:
Դեկտեմբերի 16-ը Ղազախստանի անկախության օրն է: Այս օրը Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին հայտարարել էր Ղազախստանում չգրանցված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը, որը հիմնել է նախկին բանկիր և Ղազախստանի իշխանությունների քննադատ Մուխթար Աբլյազովը: Այս շարժումը Ղազախստանում արգելված է, և նրանց կազմակերպած ակցիաները պարբերաբար ցրում են: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, չնայած հրաժարականին, շարունակում է իշխանությունը պահել իր ձեռքում: